Մինչև ապրիլի 2-ը այդպիսի նախադեպեր չեն լինելու, դրանից հետո կանդրադառնանք մարդկանց հազարավոր խնդիրներին՝ մարտի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը` անդրադառնալով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարությանը, որ Ծառուկյանը ընտրարշավի ժամանակ դրամական ու նյութական խոստումներ տալով խախտել է օրենքը։ Իվետա Տոնոյանի խոսքով, ցանկացած հանդիպումից հետո հարյուրավոր մարդիկ աջակցության խնդրանքով դիմում են Ծառուկյանին, սկսած առողջապահական խնդիրներից, վերջացրած սոցիալականով, գյուղատնտեսականով, կամ ավելի գլոբալ հարցերով:
«Այս դեպքում Տավուշի մարզում պարոն Ծառուկյանի արձագանքը պարզապես կարելի է դիտարկել մարդկային զգացմունքայինի դաշտում, որովհետև որևէ մեկին որևէ բան չի տրամադրվել, միայն ասվել է, որ, այո, կանդրադառնան այդ հարցերին:
Մեր դիրքորոշումն է` ինչպես որ օրենքով սահմանված է, մինչև ապրիլի 2-ը այդպիսի նախադեպեր չեն լինելու և ապրիլի 2-ից հետո մենք կանդրադառնանք այդ հազարավոր խնդիրներին: Անդրադառնալով ընտրակաշառք ձևակերպմանը, ուզում եմ նշել, որ համաձայն չեմ, միայն պարոն Ծառուկյանի մարդկային, զգացմունքային վերաբերմունքն է եղել իրեն դիմող մարդկանց»,- ասաց Տոնոյանը:
Արմավիրի մարզում քարոզչության ժամանակ Ծառուկյանը շարունակում էր խոստումներ տալ գյուղացիներին, սակայն նշում էր, որ այդ օգնությունը կհատկացվի ապրիլի 2-ից հետո, որպեսզի ընտրական օրենսգրքի խախտում չդիտվի:
Ընտրական օրենսգրքով՝ նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ: Արգելվում է նաև մատուցել կամ խոստանալ ծառայություններ: